Ավետիս (Էվի) Թևանյանը ծնվել է 1961 թվականին՝ ամերիկյան Մեն նահանգի Ուեստբրուք քաղաքում: Մանկուց հետաքրքրվել է մաթեմատիկայով, ինֆորմատիկայով, դպրոցից հետո ընդունվել է Ռոչեսթերի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան: Հետագայում Թևանյանը ստացել է դոկտորի կոչում՝ համակարգչային գիտությունների ոլորտում:
Ավետիս Թևանյանը և Ռիչարդ Ռաշիդը Կարնեգի Մելլոն համալսարանում ստեղծել են Mach միկրոմիջուկը, որը հետագայում դարձել է NeXT ընկերության համակարգիչների հիմնական օպերացիոն համակարգը: Իսկ ավելի ուշ Սթիվ Ջոբսի հրավերով Թևանյանը տեղափոխվել է Apple ընկերություն:
2003 թվականին Թևանյանը դարձել է Apple Computer ընկերության ծրագրերի մշակման գծով ավագ փոխնախագահ: Apple ընկերությունում Թևանյանը եղել է առաջին դեմքը, ով զբաղվել է Mac OS X օպերացիոն համակարգի մշակմամբ:
2006 թվականի մարտի 31-ին Թևանյանը լքել է Apple ընկերությունը և ներգրավվել Tellme Networks ընկերության տնօրենների խորհրդում: Էվի Թևանյանը շատ մոտ է եղել Սթիվ Ջոբսի հետ և եղել է նրա վստահված անձանցից մեկը: